Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է հանդես գալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, քանի որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեռ շարունակվում են վերանորոգման աշխատանքները:
Ապրիլի 3-ին ՀԱՖՆ-ը կներկայացնի մի յուրահատուկ համերգ՝ փայլուն թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մասնակցությամբ և Ֆրանսիան ներկայացնող հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: Կկատարվեն Սեն-Սանսի, Ռավելի և Վագների հուզական ու գեղեցիկ ստեղծագործություններից:
«2015-ին, երբ ողջ աշխարհը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ոգեկոչում է զոհերի հիշատակը, ՀԱՖՆ-ը տարեսկզբից իր բոլոր համերգներն անցկացնում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո՝ շարունակելով այն Սկանդինավյան երկրներում ապրիլի 10-15-ին կայանալիք հյուրախաղերի ժամանակ,- իր խոսքում ասում է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նշելով, որ ազգային ֆիլհարմոնիկը շնորհակալ է բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանության փաստը:- Մեզ համար խիստ գնահատելի է այն, որ ավելի շատ մարդիկ միանան արդարության մեր պահանջին՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի անց դեռ չեն ընդունել այդ ոճրագործության փաստը: Այս տարվա մեր առաջին հյուրախաղային շրջայցով կփորձենք մեր դարավոր խնդրի վրա հրավիրել Ֆինլանդիայի, Դանիայի և Նորվեգիայի ժողովուրդների ուշադրությունը»: